Վրաստանում բիզնեսի համար հարկային նոր արտոնություններ են սահմանվել

Վրաստանի բոլոր գործարարներն, առանց բացառության, 2021-ին  կարող են օգտվել հարկային արտոնություններից։

Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին թվարկել է պանդեմիայից տուժած բիզնեսի աջակցության փաթեթի 5 հիմնական բաղադրիչները։

  • Եկամտահարկի վճարման արտոնություն

Եկամտահարկի վճարման արտոնությունը նախորդ դեկտեմբերից երկարաձգվել է ևս 6 ամսով։ Խոսքը 42 հազար կազմակերպությունում զբաղված` 550 հազար մարդու մասին է։

  • Սեփականության վարձակալման ժամանակ ԱԱՀ-ի արտոնություն

2020-ի դեկտեմբերից 6 ամսով երկարաձգվել է ավելացված արժեքի հարկի գանձումը. նախարարը հստակեցրել է, որ նման արտոնության պահանջ են ներկայացրել լիզինգի ու վարձակալության ոլորտում զբաղված ընկերությունները։

  • Անշարժ գույքի հարկից ազատում

Զբոսաշրջության ոլորտում զբաղված կազմակերպությունները, որոնք  տուժել են պանդեմիայի ընթացքում, 2021-ին ազատվում են անշարժ գույքի հարկ վճարելու պարտավորությունից։ Խոսքը վերաբերում է հյուրանոցներին ու ռեստորաններին։ Հազարից ավելի ընկերություն կօգտվի փաթեթի այս կետից։

  • Տուրիստական ընկերություններին եկամտահարկից ազատում

Որոշվել է փետրվար-մայիս ամիսների ընթացքում եկամտահարկից ազատել զբոսաշրջության սեկտորը։ Այս արտոնությունների ընդհանուր թիվը մոտ 20 մլն. լարի է։

  • Հյուրանոցների ու լեռնային հանգստավայրերի համար եկամտահարկից ազատում

Մինչեւ հունիս Բակուրիանի, Գուդաուրի, Գոդերձի, Մեստիա  լեռնային հանգստավայրերն ազատվում են եկամտահարկից` առանց 2020-ի նոյեմբեր-դեկտեմեբերի տոկոսների հաշվարկման։

Մաճավարիանին ասել է, որ այս արտոնությունները  հնարավոր է դարձել սահմանել խորհրդարանի կողմից հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու շնորհիվ։