ԱՄՆ դեսպանատունը չի կարող համակերպվել Վրաստանի ինքնիշխան իշխանության հետ․ «Ժողովրդի ուժ»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից վերջերս հեռացած Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին, որ ստեղծել են «Ժողովրդի ուժ» շարժումը հերթական հակաամերիկյան հայտարարությունն են տարածել՝ նշելով, թե ԱՄՆ դեսպանատունը չի կարող համակերպվել Վրաստանի ինքնիշխան իշխանության հետ։

«Մենք ցանկանում ենք հանրությանը կոչ անել սկսել շնորհակալություն հայտնելով ամերիկյան դեսպան տիկին Քելլի Դեգնանին։ Վստահեք մեզ, այս շնորհակալության մեջ հեգնանք չկա: Ինչպես գիտեք, մեր հիմնական նպատակն է հանրությանը հասցնել այն ճշմարտությունը, որը թաքնված է վրացական քաղաքականության կուլիսներում։ Այդ հարցում մեզ ամենաշատն օգնում է տիկին Դեգնանը, ում ամեն մի նոր հայտարարություն հերթական խոստովանությունն է…»,- ասված է հայտարարության մեջ:

Ըստ նրանց՝ ԱՄՆ դեսպանի  վերջին երկու մեկնաբանություններով ևս մեկ անգամ պարզ դարձավ, թե իրականում ով է կանգնած արմատական ​​ընդդիմության արմատական ​​օրակարգի հետևում.

«Ինչպես հայտնի է, արմատական ​​ընդդիմության ստեղծած բևեռացումը հիմնված է երկու հիմնական արհեստական ​​հենասյուների վրա՝ դա Վրաստանի ներկայիս իշխանության ներքին և արտաքին լեգիտիմության չճանաչումն է։ Այս հենասյուներն ամրապնդելու համար «Միացյալ Ազգային շարժումը» (ՄԱՇ) օգտագործում է կոնկրետ գաղափարներ՝ համաձայն խորհրդային քարոզչության «լավագույն» ավանդույթների։ Այս գաղափարների մեջ առանձնահատուկ տեղ են գրավում «Գավրիլովի գիշերը» և «անարդար ընտրությունները»։ Վերջին օրերին տիկին Դեգնանը մեզ հետ զրուցում է ՄԱՇ-ի միջոցով ուղարկված այս հաղորդագրություններով, ինչը վառ ապացույցն է այն բանի, որ այդ մեսիջները, ինչպես նաև բևեռացման խնդիրը, մտածված են դեսպանատան կողմից…»: