Վրացական սփյուռքի կազմակերպությունները դիմել են եվրոպական կառույցներին և միջազգային գործընկերներին՝ մենակ չթողնել Վրաստանին ազատության և ժողովրդավարության համար պայքարում, ամրապնդել քաղաքական աջակցությունը, կոչ են արել աջակցել «Մզիայի շարժմանը» և «Մզիայի ցուցակին»՝ որպես բռնաճնշումների կազմակերպիչների դեմ թիրախային պատժամիջոցների մեխանիզմ։
«Մենք՝ վրացական սփյուռքի կազմակերպություններն ու արտագաղթյալների խմբերը, գրում ենք ձեզ՝ կոչ անելով ամրապնդել ձեր աջակցությունը Վրաստանին այս կարևոր պահին՝ բռնի ռեժիմի դեմ պայքարում։
Մենք կոչ ենք անում ձեզ գործել արագ և վճռականորեն, քանի դեռ ուշ չէ։
«Քանի դեռ ուշ չէ» արտահայտությունը, որը վերջերս արտաբերել է լրագրող Մզիա Ամաղլոբելին, ձեռք է բերել կարևոր նշանակություն ինչպես Վրաստանում բռնապետության դեմ դիմադրության, այնպես էլ միջազգային դաշնակիցների համար։
300 օրից ավելի վրաց ժողովուրդը քաջաբար դիմադրել է իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի ավտորիտար ուղուն։
Ի պատասխան, ռեժիմը խստացրել է բռնության և սպառնալիքի իր մարտավարությունը՝ թիրախավորելով ցուցարարներին, լրագրողներին և քաղաքացիական անձանց։ Դրա ամենավերջին օրինակը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, երբ խաղաղ ցուցարարներին, այդ թվում՝ կանանց և տարեցներին հայհոյել են և ենթարկել ֆիզիկական բռնության։
Սեպտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի պատգամավորները Մզիա Ամաղլոբելիին առաջադրել են Սախարովի մրցանակի։ Նա բանտում է 260 օր և դարձել է Վրաստանի ժողովրդավարական դիմադրության խորհրդանիշ՝ միջազգային ճանաչում ստանալով տարբեր մրցանակներով և անվանակարգերով», — ասված է հայտարարության մեջ։
Նամակին կցված է 277 անձանց ցուցակ, որոնց նկատմամբ կազմակերպիչները կոչ են արել պատժամիջոցներ կիրառել:
Տեղեկության համաձայն՝ ցուցակը կազմվել է հավաստի գործիչների, այդ թվում՝ «Ազատության հրապարակ» և «Ազատության ինստիտուտ» քաղաքական շարժումների, «Ֆեդերալիստական կուսակցության» և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ անցկացված հետազոտությունների հիման վրա: