Չենք հեռանում, արգելափակում ենք խորհրդարանի մուտքը․ Վաշաձե․

Վրաստանում ընդդիմությունը սկսել է շրջափակել խորհրդարանի շենքի մուտքերը։ Այս հրահանգը ցուցարարներին տվեց նախկին իշխող՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար, Վրաստանի նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն։   

«Բոլորը՝ մինուս 1 ․ Բիձինան պետք է գնա» ակցիային Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց մասնակցում են ավելի քան  20 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։

«Չենք հեռանում, փակում ենք խորհրդարանի մուտքը, քանի որ այդ օրգանը սպառել է իր գործառույթը» —ցուցարարներին է դիմել Վաշաձեն՝ կոչ անելով օգտագործել  «բոլոր ռադիկալ գործիքները, որոնք նախատեսվում են Սահմանադրությամբ և օրենսդրությամբ՝ Վրաստանը քաղաքացիներին վերադարձնելու համար։

ՄԱՇ-ի առաջնորդը նաև դիմել է ՆԳՆ-ին՝ հորդորելով չկրկնել  «գավլրիլովյան գիշերվա» իրադարձությունները, երբ բազմահազարանոց ակցիայի մասնակիցների դեմ հատուկ միջոցներ կիրառվեցին։

Ցուցարարների պահանջներն, ըստ ընդդիմադիր գործիչի՝ անփոփոխ են․

  •  «կրիմինալ կառավարության» հրաժարական
  • Արտահերթ համամասնական խորհրդարանական ընտրություններ
  •   «Գավրիլովյան գիշերից» հետո (հունիսի 20-21) ձերբակալված քաղբանտարկյալների ազատ արձակում
  • Բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի՝ Ցխինվալիի բանտից ազատ արձակում
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերաձևավորում

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 15։00-ից Թբիլիսիում մեծամասշտաբ բողոքի ակցիա է մեկնարկել, որն, ըստ մասնակիցների՝ չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահնաջները չեն բավարարվել։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հատուկ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ցուցարարներին՝ հարգել օրենքն ու ենթարկվել իրավապահների հրահանգներին, այլապես կդիմեն հատուկ միջոցների։