Վրացական ժողովրդավարության տխուր օրն է. Նորվեգիայի ԱԳՆ

Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ, հայտնել է Վրաստանում Նորվեգիայի դեսպանատունը։

«Սա վրացական ժողովրդավարության տխուր օրն է։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին չտրվեց հնարավորություն դիտարկել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, և նրա առաջարկությունները հաշվի չառնվեցին։ Ցավալի է, որ կիրառվել է բռնություն։ Ռեպրեսիվ օրենքները և ընդդիմության առաջնորդների բանտարկությունն ավելի են խաթարում վստահությունը Վրաստանի ընտրությունների նկատմամբ», — ասված է հայտարարության մեջ։

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 4-ին։ Ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնությունը բոյկոտել է ընտրությունները։ Ինը ընդդիմադիր քաղաքական գործիչներ ընտրությունների ժամանակ բանտում են գտնվում։

Հոկտեմբերի 4-ի ընտրությունները չի դիտարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որն աշխարհի ամենաառաջավոր միջազգային դիտորդական կազմակերպություններից մեկն է։

Հոկտեմբերի 4-ին GYLA-ն, «Արդար ընտրություններ»-ը և «Transparency International Georgia»-ն ևս դիտորդներ չեն ունեցել ընտրատեղամասերում։