Վրաստանից ՀՀ տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Դեկտեմբերի 20-ին, կեսօրին Վրաստանից դեպի Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղ տանող ավտոճանապարհին՝ «Գայլի դարպասներ» կոչվող հանդամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը, ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբ է մեկնել դեպքի վայր:

«Ալիք մեդիային» Հայաստանին սահմանամերձ Աղքյորփի գյուղից հայտնում են, որ Վրաստանի կողմից ևս հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ է մեկնել դեպի ՀՀ սահման:

Պարզվել է, որ Վրաստանի սահման-Պրիվոլնոյե-Տաշիր տանող ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Գայլի Դարպասներ» կոչվող հանդամասում այրվել է մոտ 400-500 հա բուսածածկույթ։

Ժամը 21։30-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են։