«Այս աշնանից սկսած՝ վրացի երիտասարդները կկարողանան ստանալ Եվրոպական երիտասարդական հնարավորությունների քարտ», — հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Կալաձեի խոսքով` շուտով Վրաստանում 18-30 տարեկան երիտասարդներին հասանելի կլինի Եվրոպական երիտասարդական հնարավորությունների քարտը, որն ակտիվորեն օգտագործվում է ամբողջ Եվրոպայում և ունի մոտ 9 միլիոն անդամ։
Տեղեկության համաձայն` ծրագրի նպատակն է մեծացնել երիտասարդների հասանելիությունը շարժունակությանը, կացարանին, կրթությանը, սպորտին, մշակույթին և զվարճանքի ծառայություններին։ Այդ նպատակով քարտն իր տերերին առաջարկում է 25 հազարից ավելի տեսակի զեղչ 40 եվրոպական երկրներում։
«Քարտերի լայնածավալ թողարկումը կսկսվի 2025 թվականի աշնանը, և առաջիկա օրերին մենք ձեզ կտրամադրենք ավելի մանրամասն տեղեկություն այդ ծրագրի վերաբերյալ», — ասել է Կախա Կալաձեն։