Խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է «ռուսական օրենքը»

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը, որը հայտնի է որպես «ռուսական օրենք»:

Օրինագծի զեկուցողը խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն է։ Նիստում տեղի ունեցած քվեարկության ժամանակ հիմնական օրինագիծ է սահմանվել «Վրացական երազանքի» օրենսդրական նախաձեռնությունը, իսկ ընդդիմադիր «Վրաստանի համար» քաղաքական խմբի նախագծերին տրվել է այլընտրանքային նախաձեռնության կարգավիճակ։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պարզաբանել է, որ ապրիլի 16-ին լիագումար նիստը կարող է շարունակվել մինչև ժամը 21:00-ն։ Եթե ​​այդքան ժամանակը չբավականացնի օրինագծի առաջին ընթերցմանը, ապա նիստը կշարունակվի ապրիլի 17-ին։

Խորհրդարանը, ըստ ընթացակարգի, օրինագիծը քննարկում և քվեարկում է երեք ընթերցմամբ.

  • Օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկվում են դրա ընդհանուր սկզբունքներն ու հիմնական դրույթները,
  • Երկրորդ ընթերցմամբ օրենքի նախագիծը դիտարկվում է հոդվածներով,
  • Օրենքի նախագծի երրորդ ընթերցման ընթացքում կարող են ներառվել խմբագրական շտկումներ։

Վրաստանի խորհրդարանի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, «գործակալների մասին» օրենքի 3-րդ եզրափակիչ՝ ընդունման օրը մայիսի 17-ն է, սակայն հնարավոր է նաև օրինագիծն ընդունվի այդ ժամկետից շուտ:

Ի դեպ, «Վրաստանի համար» խորհրդարանական քաղաքական խմբի անդամները նախաձեռնել են երկու այլընտրանքային նախագծեր. «Օկուպանտ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանության մասին» նախագիծը և «Դրամաշնորհների մասին» ու «Հաշվապահական հաշվառման, հաշվետվության և աուդիտի մասին» օրենքներում կատարված փոփոխություններ, որոնք «Վրացական երազանքը» հրաժարվել է այսօր քվեարկության դնել:

Այսօր՝ ապրիլի 16-ի ժամը 12:00-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ սկսել է «ռուսական օրենքի» քննարկումը։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ սկսվել է ժամը 12-ին, իսկ երկրորդը` կմեկնարկի երեկոյան ժամը 19-ին։

Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ը Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ 2014 թվականին պատրիարք Իլիա Երկրորդի նախաձեռնությամբ մայիսի 17-ը սահմանվել է որպես ընտանիքի սրբության և ծնողների նկատմամբ հարգանքի օր։