Աղմկահարույց օրենքը հավանության է արժանանում բողոքի ցույցերին զուգահեռ

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։

Բուռն բանավեճից հետո իրավական ​​հանձնաժողովը կողմ քվեարկեց «ռուսական օրենքի» նախագծին։ Այն առաջին ընթերցմամբ մեծամասնությունը նախատեսում է ընդունել  վաղը՝ ապրիլի 16-ի լիագումար նիստում։

Հանձնաժողովի նիստը մեկնարկել էր առավոտյան ժամը 10-ից՝ բողոքի ցույցերի, աղմուկի և բուռն հակասությունների ֆոնին։ Խորհրդարանում նաև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին բռունցքով հարվածել է Մամուկա Մդինարաձեին, հայհոյել և ռուս անվանել նրան, ինչից հետո դահլիճում իրավիճակն անկառավարելի էր դարձել, «Վրացական երազանք»-ի անդամներն էլ հարձակվել են Էլիսաշվիլիի վրա։

Բացի այդ, կոմիտեի նախագահ Անրի Օխանաշվիլին նիստից հեռացրել է բոլորին, ովքեր օրենքը ռուսական են անվանել:

Խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ցույցը շարունակվում է, հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացված, կա նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել են դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ 

Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը:

Խորհրդարանի մոտ հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենա է մոբիլիզացվել