Վրաց-հայկական սահմանն ID քարտով հատել հնարավոր չէ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայությունը Հայաստան-Վրաստան նույնականացման քարտով (ID) ճամփորդելու մասին հայտարարություն է տարածել։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ նույնականացման քարտերով (տվյալների էլեկտրոնային կրիչ պարունակող) Վրաստան ճամփորդել հնարավոր կլինի 2023 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո:

Տեղեկության համաձայն, 2023 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Որպես հաջորդ քայլ, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է կողմերի միջև համապատասխան ամսաթվի հաստատում:

Նշվում է նաև, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ԱԳՆ կողմից՝ տեղադրվելով պաշտոնական հարթակներում:

Ուշագրավ է, որ երեկ՝ հունիսի 30-ին, մեդիաները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ հուլիսի 1-ից հնարավոր կլիներ ID քարտով հատել վրաց-հայկական սահմանը, ինչը սակայն, չի համապատասխանում իրականությանը։