Վրաստանի արտաքին գործերի նախարարին կշնորհվի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, ինչի համար նա ամսական հավելավճար կստանա 1360 լարի։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունը կատարվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում։
Մասնավորապես, օրինագծի համաձայն՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը սահմանվում է որպես բարձրագույն դիվանագիտական պաշտոն։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի գործող խմբագրության համաձայն՝ նախարարի առաջին տեղակալը և տեղակալները, չնայած քաղաքական պաշտոնյայի իրենց կարգավիճակին, դասվում են բարձրագույն դիվանագիտական պաշտոնների կատեգորիային, նպատակահարմար է, որ նախարարը՝ որպես դիվանագիտական հաստատության ղեկավար, նույնպես ունենա բարձրագույն դիվանագիտական պաշտոնյայի կարգավիճակ։ Սա հաշվի առնելով՝ օրինագծում շտկվել է առկա բացթողումը, և 34-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն՝ հնարավոր է դառնում Վրաստանի արտաքին գործերի նախարարին շնորհել արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան»,- ասված է փաստաթղթում։
Նշված օրինագիծը նախատեսում է նաև Դիվանագիտական ակադեմիայի ստեղծում։
Արտաքին գործերի նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 13 հազար 600 լարի։ 2024 թվականի դեկտեմբերի 1-ից այս պաշտոնը զբաղեցնում է Մակա Բոճորիշվիլին։ 2026 թվականի ապրիլի 22-ից Բոճորիիշվիլին նաև փոխվարչապետ է։