Ձերբակալված 14 ցուցարարներից 4-ն ազատ են արձակվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ ապրիլի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 14 անձանցից 4-ը ստորագրությամբ ազատ են արձակվել։

Բողոքի ցույցի ժամանակ քաղաքացիներին բերման ենթարկելը գերատեսչությունը պարզաբանում է հետևյալ կերպ․

«Բողոքի ցույցի ընթացքում, չնայած իրավապահների կողմից հնչեցված բազմաթիվ կոչերին, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց բողոքն արտահայտեն խաղաղ ձևով և դուրս չգան օրենքով սահմանված հավաքի շրջանակներից, որոշ մասնակիցներ չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, ինչի հիման վրա ոստիկանները վարչական կարգով բերման են ենթարկել 14 անձի»։

Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման ենթարկեցին: