ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին մտահոգում է «ռուսական օրինագիծը»

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում կրկին նախաձեռնած օրենքի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի» վերաբերյալ։ Նրա կարծիքով` դա բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության վրա։

Ապրիլի 11-ին հանձնակատար Օ՛Ֆլահերթին ընդարձակ նամակ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին։ Նամակը, սակայն, հրապարակվել է ապրիլի 16-ին Շալվա Պապուաշվիլիի պատասխան նամակի հետ միասին։

Մարդու իրավունքների հանձնակատարը գրել է, որ իրեն մտահոգում է «Վրացական երազանքի» օրենսդրական նախաձեռնության համատեղելիությունը հավաքների և արտահայտման ազատության ոլորտում մարդու իրավունքների չափանիշներին, ներառյալ այն սառեցնող ազդեցությունը, որ դրա ընդունումը կարող է ունենալ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա, հատկապես այն դեպքերում, որոնք աշխատում են հանուն մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության:

Եվրահանձնակատարը Պապուաշվիլիին հիշեցրել է Ռուսաստանի «գործակալների օրենքի» վերաբերյալ Ստրասբուրգի դատարանի որոշումը և մատնանշել. «Որպեսզի ՀԿ-ները կատարեն իրենց դերը՝ որպես «համայնքային հսկողներ», նրանք պետք է իրավունք ունենան պահանջելու և ստանալու ֆինանսավորում տարբեր աղբյուրներից, և այդ աղբյուրների բազմազանությունը կարող է բարձրացնել նման ֆինանսավորում ստացողների անկախությունը ժողովրդավարական հասարակությունում»:

Հանձնակատարը Պապուաշվիլիին հիշեցրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Հանձնակատարի խոսքով, օրենքի նախագծի ընդունումը «հավանական է, որ կհանգեցնի դրսից ֆինանսավորում ստացող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների խարանմանը և վարկաբեկմանը, և այդ թվում՝ հասարակության և պետական ​​կառույցների աչքում, կդժվարացնի կամ անհնարին կդարձնել նրանց գործունեությունը»: Նա կոչ է արել պատգամավորներին ձեռնպահ մնալ օրենքի ընդունումից:

Երկար պատասխան նամակում խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրել է, որ օրենքի նախագծի ոգին և հիմնական նպատակը թափանցիկության բարելավումն է: «Ընդհանուր առմամբ, օրենքի նախագիծը համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներին»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

Ըստ Պապուաշվիլիի՝ «ներկայացված օրենսդրությունը չի արգելում որևէ տեսակի գործունեություն, ուղղված չէ և չի կարող ուղղված  լինել քաղաքացիական տարածքի սահմանափակմանը։ Փոխարենը հաշվի են առնում թափանցիկության եւ հաշվետվողականության պահանջները»:

Նրա դիրքորոշման համաձայն, «խարանման հարցը լուծվել է «օտարերկրյա գործակալ» բնորոշման փոխարինմամբ «արտաքին ազդեցության շահեր կրող կազմակերպություն» արտահայտությամբ։

Պապուաշվիլիի խոսքով, «օրինագիծը միանշանակ դրական ազդեցություն կունենա վրացական ոչ առևտրային կազմակերպությունների վրա։ Դա կբարձրացնի ոչ առևտրային կազմակերպությունների պատասխանատվության և հաշվետվողականության մակարդակը»: Նաև՝ «կբարձրանա նրանց լեգիտիմությունը, որը սասանվել է քաղաքականությանը միջամտելու հետ կապված սկանդալներով»։

Այսօր՝ ապրիլի 16-ի ժամը 12:00-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ սկսել է «ռուսական օրենքի» քննարկումը։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ սկսվել է ժամը 12-ին, իսկ երկրորդը` կմեկնարկի երեկոյան ժամը 19-ին։

Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել: