Եվրախորհրդարանի փոխնախագահը քննադատել է «ռուսական օրենքը»

Եվրախորհրդարանի փոխնախագահ Պինա Պիցերնոն քննադատել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան վերադարձրած «ռուսական օրենքը»։ Նրա նամակը տարածել է ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիան։

Իր հայտարարության մեջ Պիցերնոն արձագանքել է նաև «Վրացական երազանք»-ի պատգամավոր Բեքա Օդիշարիայի՝ կին պատգամավորների հասցեին արված անպարկեշտ, սեքսիստական ​​արտահայտություններին և նշել, որ դա համահունչ է ռուսամետ տրամադրություններին։ Պիցերնոն խոսել է նաև «ռուսական օրենքի» մասին և նշել, որ վերջինս ավելի է սաստկացնում առկա մտահոգությունները հիմնարար իրավունքների և ազատությունների ակնհայտ սահմանափակման վերաբերյալ։

«Մենք ընդունում ենք, որ Վրաստանի խորհրդարանը պետք է մնա կայացած և ժողովրդավարական ինստիտուտ, իսկ ինքնիշխան, ազատ և ժողովրդավարական Վրաստանի համար ձեր պայքարը միահյուսված է գենդերային հավասարության և կանանց իրավունքների համար պայքարի հետ»,- ասված է նամակում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերն ապրիլի 15-ին կայացած ճեպազրույցում արդեն երրորդ անգամ մտահոգություն է հայտնել, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը կհարվածի Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և երկիրը կհեռացնի եվրոպական ուղուց:

Այսօր՝ ապրիլի 16-ի ժամը 12:00-ին, Վրաստանի խորհրդարանը նստաշրջանի առաջին ընթերցմամբ սկսել է «ռուսական օրենքի» քննարկումը։ Առաջին բողոքի ակցիան խորհրդարանի մոտ սկսվել է ժամը 12-ին, իսկ երկրորդը` կմեկնարկի երեկոյան ժամը 19-ին։

Ի դեպ, երեկ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը, Ռուսթավելիի պողոտայում ընթացող բազմահազարանոց բողոքի ցույցին զուգահեռ, առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որը ստացել է «ռուսական օրենք» անվանումը։ Խորհրդարանի շենքի մոտ հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացված, կար նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայինները փակել էին դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Հանրահավաքի ավարտին ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել: