Վրաստանը երբեք չի քննարկել Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցման հարցը. նախարարության պարզաբանումը

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության վստահեցմամբ՝ Վրաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցման հարցը։

Նախարարությունից նշել են, որ ճանապարհաշինության հարցը վրացական կողմի օրակարգում երբեք չի եղել, և հետևաբար, դրա մասին ցանկացած տեղեկություն կեղծ է։

«Մենք ցանկանում ենք պատասխանել մամուլում տարածված՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի վրաց-չեչենական ճանապարհի կառուցման մասին հաղորդագրություններին, և հայտարարել, որ Վրաստանը երբևէ չի քննարկել և չի քննարկի վրաց-չեչենական ճանապարհի կառուցումը», — ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Նշենք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մարտի 15-ին հատուկ այցով եղել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում, որտեղ էլ այս ճանապարհի անհրաժեշտությունը քննարկվել է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի և Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների ընդլայնված կազմով հանդիպմանը։ 

Մասնավորապես, Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևն ասել է, որ «Չեչնիայի Հանրապետությունը երկար տարիներ ակտիվորեն աշխատում է իր տարածքից դեպի Վրաստանի Հանրապետություն սահմանային անցակետի կազմակերպման ուղղությամբ», և որ այդ ճանապարհը «ռազմավարական մեծ նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության համար»։ 

Նշենք նաև, որ ներկայում Վրաստանը Ռուսաստանին կապող միակ պաշտոնական ճանապարհն անցնում է Ստեփանծմինդա-Լարս հատվածով։