Վրաստանը կիսում է ուկրաինացիների ցավը. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է Բուչայի ազատագրման տարեդարձին նվիրված գագաթնաժողովին և դիմել գագաթնաժողովի մասնակիցներին՝ Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներին, ինչպես նաև Սլովակիայի, Սլովենիայի և Խորվաթիայի վարչապետներին։

Հիբրիդային ձևաչափով անցկացված գագաթնաժողովում Վրաստանի նախագահը «Բուչա. Ռուսաստանի պատասխանատվությունը Ուկրաինայում կատարված հանցագործությունների համար» տեսաուղերձով է ներկայացել:

«Նախագահ Զելենսկի, հարգելի հանրություն, ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս գագաթնաժողովին, ինչը նշան է, որ մենք չենք մոռանում Ուկրաինայի ուշագրավ ուժն ու խիզախությունը ագրեսիայի և դաժանության պայմաններում։

Նախագահ Զելենսկի, այսօր ես ուզում էի ֆիզիկապես լինել Ձեր կողքին, թեև պետք է ելույթ ունենայի խորհրդարանում, որտեղ մենք մեկ րոպե լռությամբ հարգեցինք համաշխարհային քաղաքակրթության և եվրոպական պատմության այս ամոթալի էջի զոհերի հիշատակը»,- ասել է նախագահը:

Զուրաբիշվիլին նշել է՝ մեկ տարի է անցել այն օրվանից, երբ աշխարհը ցնցվեց Բուչայում արված ֆոտո և վիդեո կադրերով, որոնք ցույց տվեցին ռուս ագրեսորների դաժանությունը ուկրաինացի խաղաղ բնակիչների նկատմամբ.

«Դա սարսափելի գիտակցում էր և հիշեցում մեզանից յուրաքանչյուրին մարդկության դեմ կատարվող վայրագությունների և հանցագործությունների մասին, այն հանցագործությունների մասին, որոնք անվերահսկելի ռազմական ուժը կարող է կատարել անպատիժ և առանց միջազգային կարգի զգացումի»:

Վրաստանի նախագահի խոսքով, եթե միջազգային հանրության արձագանքը և ըմբռնումը ռուսական ռեժիմի իրական էության վերաբերյալ ավելի ուժեղ լիներ, ապա հնարավոր կլիներ խուսափել Ղրիմում ագրեսիայի կրկնությունից և ուղղակի անեքսիայի միջոցով միջազգային սկզբունքների ուղղակի խախտումից: Նախագահի փոխանցմամբ, վրացիները հասկանում են ուկրաինացիների կրած ցավն ու տառապանքը և անսասան համերաշխություն են հայտնում Ուկրաինային։

«Նախագահ Զելենսկի, վրաց ժողովրդի անունից թույլ տվեք ևս մեկ անգամ հայտնել մեր համերաշխությունը, մաղթել Ձեզ քաջություն և անսասան վճռականություն Ձեր երկրի և Եվրոպայի ապագայի համար մղվող պայքարում։ Վստահ եմ, որ նրանք առանց պատճառի չեն մահացել Բուչայում, և Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հաղթանակով շուտով խաղաղություն կհաստատվի։

Սլավա Ուկրաինա»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։