Վրաստանը պատրաստ է ընդունել ՌԴ պատվիրակությանը. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի պատվիրակությանը՝ Թբիլիսիում կայանալիք «Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի նիստին»: Ամենայն հավանականությամբ, նախագահը նկատի է ունեցել Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որը տեղի է ունենալու Թբիլիսիում` մայիսին:

Զուրաբիշվիլիի խոսքով, թեև Ռուսաստանի պատվիրակության անդամները խախտել են Վրաստանի բռնազավթած տարածքների մասին օրենքը, ու թեև Վրաստանը դրական չի համարում Ռուսաստանի իշխանության քաղաքականությունը, միևնույն է` հարգում է իր ստանձնած միջազգային պարտավորություններն ու ռուսական կողմը խնդիրներ չի ունենա Վրաստանում:

«Մենք պետություն ենք, որը հարգում է միջազգային իրավունքներն ու կընդունենք խորհրդարանական ասամբլեան, քանի որ հարգում ենք կարգավորումներն ու կազմակերպության սկզբունքները»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: