Վրաստանը՝ պատժամիջոցներից խուսափելու երկիր. տնտեսագետը՝ «օֆշորների օրենքի» մասին

Լուսանկարը՝ batumelebi.netgazeti.ge-ից

«Օֆշորների օրենքի» գործարկումից հետո Վրաստանը կարող է պատժամիջոցների տակ հայտնված երկրների համար դառնալ տարանցիկ տարածք։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնում «Տնտեսական տրանսֆորմացիայի կենտրոնի» նախագահ, տնտեսագետ Ռամազ Գերլիանին:

Ըստ տնտեսագետի՝ սա, իհարկե, Վրաստանի համար վատ ազդեցություն կունենա, քանի որ երկիրը կդառնա պատժամիջոցներ կրող։ Նրա խոսքով, օրենքի գործարկումից հետո «Վրաստանը կօգտագործեն արգելված թռիչքների և փողերի լվացման համար»։

Գերլիանին նկատում է՝ կարճաժամկետ հեռանկարում, տնտեսական առումով՝ այս օրենքը այդքան էլ վնասաբեր չէ Վրաստանի տնտեսության համար, իսկ երկարաժամկետ և քաղաքական առումով այն մի շարք խնդիրների առաջ կկանգնեցնի Վրաստանին:

«Այս օրենքը երկարաժամկետ հեռանկարում և քաղաքականապես վտանգում է Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացն ու հնարավոր պատժամիջոցների ռիսկ ստեղծում, քանի որ օրենքի գործարկումից հետո, հավանական է, որ Վրաստանը կարող է դառնալ պատժամիջոցների տակ հայտնված երկրների համար տարանցիկ տարածք»,- ասում է տնտեսագետը:

Նրա խոսքով, Վրաստանը կհայտնվի միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում, քանի որ «որտեղ օֆշորներ կան, միշտ էլ վերահսկողությունն ուժեղացնում են. օֆշորներում «սև տնտեսական տեղաշարժի» հավանականությունը մեծ է»:

Ի դեպ, Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների օրենքի նախագիծը, որով չեղյալ է հայտարարվում օֆշորներից ընկերությունների տեղափոխման հարկերը։

Ընդդիմությունը կարծում է, որ իշխող կուսակցությունը փոփոխություններն արագացված կարգով է կատարում՝ ելնելով «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի շահերից։ Իշխող կուսակցությունը հերքում է այս պնդումը:

Վրացի վերլուծաբանները կարծում են՝ Արևմուտքի կողմից օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտավախությամբ Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարում «Հարկային օրենսգրքում»: Եթե ​​գաղափարն օրենք դառնա, Իվանիշվիլին իրավունք կունենա օֆշորներում թաքցրած ունեցվածքը հեշտությամբ տեղափոխել Վրաստան՝ առանց որևէ ֆինանսական խնդրի:

Իվանիշվիլիին հարմարեցված օրենք է. կարծիքներ աղմկահարույց նոր օրինագծի մասին