Վրաստանը՝ տարածաշրջանային տարանցիկ և լոգիստիկ հանգույց. Ղարիբաշվիլիի ուղերձը Չինաստանից

Պաշտոնական այցով Չինաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել Չինաստան-Վրաստան գործարար համաժողովում։ Նա iիր անկեղծ ուրախությունն է հայտնել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Վրաստանի կառավարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրի ստորագրման կապակցությամբ։

Վարչապետը վստահեցրել է, որ այդ նորարարական փաստաթուղթը կնպաստի Չինաստանի և Վրաստանի միջև շահավետ համագործակցությանը։

Վարչապետի խոսքով` Վրաստանում «Արևելք-Արևմուտք» ավտոմայրուղու բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվել է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ ամբողջ երկրում լոգիստիկ կենտրոնների զարգացման անհրաժեշտությունը ուսումնասիրելու համար։ Նրա գնահատմամբ՝ նման կենտրոնների ստեղծումը կբարելավի լոգիստիկ ծառայությունների որակը և կամրապնդի Վրաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ և լոգիստիկ հանգույց։

Ղարիբաշվիլին նաև ուշադրություն է հրավիրել Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանի նախագծի վրա:

«Մեր նպատակն է Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանը դարձնել համաշխարհային կարգի տրանսպորտային կենտրոն՝ արդյունավետ օդային բեռնափոխադրումների ենթակառուցվածքով և օդանավերի սպասարկման կենտրոնով։ Սա Վրաստանին կդարձնի առաջատար խաղացող համաշխարհային ավիացիոն լանդշաֆտում»,- ասել է վարչապետը:

Ղարիբաշվիլիի խոսքով, Վրաստանի կառավարության մեկ այլ գլխավոր և հավակնոտ առաջնահերթություն է Անակլիայի խորջրյա նավահանգստի զարգացումը։ Ղարիբաշվիլիի ելույթի հարցերից մեկը Վրաստանում խոշոր հիդրոէլեկտրակայանների կառուցումն էր։

Ի դեպ, Վրաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հայտնի է դարձել Ղարիբաշվիլիի Չինաստան կատարած այցի ժամանակ։ Վրաստանի կառավարության տվյալներով, վարչապետ Ղարիբաշվիլին և Չինաստանի նախագահ Սի Ձինպինը պայմանավորվել են ռազմավարական գործընկերության շուրջ։