Վրաստանը UNWTO-ում չի աջակցի սեփական թեկնածուին

Վրաստանը ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) գլխավոր քարտուղարի պաշտոնում կաջակցի ոչ թե Զուրաբ Պոլոլիկաշվիլիին, որ ղեկավարում է կազմակերպությունը 2017 թվականից, այլ Միացյալ Արաբական Էմիրությունների առաջադրած թեկնածուին։

Այն տեղեկությունը, որ Պոլոլիկաշվիլին այլևս չի ունենա Վրաստանի կառավարության աջակցությունն այս պաշտոնում, առաջինը հրապարակել է The Diplomat-ը մայիսի 13-ին: Առցանց լրատվամիջոցն այս փաստը որակել է «ցնցող քաղաքական հնարք» և, հղում անելով աղբյուրներին, գրել է, որ Էմիրաթցի թեկնածուին Վրաստանի կառավարության  աջակցությունը` Պոլոլիկաշվիլիի երրորդ ժամկետին աջակցելու փոխարեն, կարող է թաքնված համաձայնության մաս լինել: Լրատվամիջոցի գնահատմամբ` որոշումը, որը լուրջ մտահոգություն է առաջացրել միջազգային զբոսաշրջային համայնքում, կարող է լինել Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմավարական դաշինքի մաս։

The Diplomat-ն ընդգծել է այն փաստը, որ գլխավոր քարտուղար Պոլոլիկաշվիլին 2022 թվականին գլխավորել է կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու գործընթացը և իր դիրքորոշմամբ ստեղծել «նախադեպ ՄԱԿ-ի համակարգում»։ Այդ ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այս որոշումը համարել է «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»,:

Վրաստանի կառավարությունը, որը հաստատում է իր աջակցությունը էմիրաթցի թեկնածուին, հայտարարել է, որ հետ է վերցրել իր կողմից աջակցվող թեկնածությունը Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Պոլոլիկաշվիլին դեռևս այս թեմայի առնչությամբ որևէ մեկնաբանություն չի արել լրատվամիջոցներին։

Արաբական Միացյալ Էմիրություններից բացի, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են նաև Մեքսիկան, Հունաստանը, Գանան և Թունիսը։

«Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն «ցավալի» է անվանել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի իր մասին արած մեկնաբանությունները և նշել, որ Պոլոլիկաշվիլիի երրորդ անգամ այդ պաշտոնում առաջադրումը բողոքի ալիք է բարձրացրել «կոնկրետ երկրներում»։

«Ինձ համար ցավալի էր, որ Զուրաբ Պոլոլիկաշվիլիի կողմից ինչ-որ հաղորդագրություն տարածվեց։ Խոսվում էր Deep State-ի մասին։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ կապ ունի Deep State-ն այս թեմայի հետ։ Բայց, ընդհանուր առմամբ, դա ցավալի է», — ասել է Կոբախիձեն։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես արձագանքել է Պոլոլիկաշվիլիի նկատմամբ Վրաստանի կառավարության վստահության դադարեցմանը. նրա գնահատմամբ՝ սա «Վրացական երազանք»-ի կողմից Ռուսաստանի ուղղությամբ և Վրաստանի շահերից հեռու ձեռնարկված ևս մեկ քայլ է։

Պոլոլիկաշվիլին արդեն երկու ժամկետ զբաղեցրել է այդ պաշտոնը, և երկու անգամն էլ՝ 2017 և 2021 թվականներին, նրա նշանակմանն աջակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ավելի քան 70 տոկոսը։