Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կնքված «Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պատմական համաձայնագիրը։ Այս մասին խոսվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Այս պատմական համաձայնագիրը նշանակալի քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ և նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման համար։
Վրաստանը վճռականորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և համագործակցության ամրապնդմանը, որը կուղղված կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը։
Մենք հատկապես ողջունում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների և նախագահ Դոնալդ Թրամփի ակնառու ներդրումն ու ջանքերը Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտության դադարեցման գործում», — նշվում է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ այս պատմական իրադարձությունը շղթայական ռեակցիայի ազդեցություն կունենա Սևծովյան տարածաշրջանում և ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորման առումով։