Փաշինյանը դատական համակարգի վիրահատական միջամտություն է անում. Sputnik-Georgia

Վրաստանյան Sputnik-Georgia լրատվականը՝ «Փաշինյանը դատական համակարգի վիրահատական միջամտություն է անում» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում կոչ էր արել առավոտյան փակել երկրի դատարանների մուտքերը: Մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվել էր, ու նա ազատ էր արձակվել:

Լրատվականը մեջբերել է Փաշինյանի խոսքը, ըստ որի՝ Հայաստանում լուրջ փոփոխություններն են արվել, որոնց արդյունքում ձևավորվել է Կառավարությունն ու Ազգային ժողովը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը, ինչը չի կարելի ասել դատական համակարգի մասին, և դատական իշխանության գործողությունները մշտապես հանգեցրել են հասարակության մեջ ցնցումների:

«Չեմ կարող դատել դատարանների կողմից կայացված որոշումների հիմնավորության մասին: Բայց ակնհայտ է, դատական համակարգի որոշումները ժողովրդի ու հասարակության վստահությունը չունեն: Սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ նաև որպես Հայաստանի ժողովրդի ներկայացուցիչ», — Փաշինյանի խոսքերն է մեջբերել Սպուտնիկ Վրաստանը:

Ըստ Փաշինյանի՝ ժողովուրդը դատական համակարգն ընկալում է որպես նախկին կոռումպացված իշխանությունների մնացորդ, ուր անընդհատ հասարակության դեմ դավադրություններ են նախապատրաստվում:

Ըստ Փաշինյանի՝ վիրահատական միջամտության ժամանակն է: Հասարակությունը պետք է ամեն ինչ իմանա դատավորների մասին.

  1. Դատավորների բոլոր կապերը
  2. Դատավորների բոլոր պայմանավորվածությունները
  3. Դատավորների կենսագրությունը
  4. Դատավորները, ովքեր նախկինում որոշումներ են կայացրել, որոնք ՄԻԵԴ-ի կողմից համարվել են որպես մարդու իրավունքների խախտում, պետք է հրաժարական տան
  5. Բոլոր դատավորները, ովքեր վստահ են, որ ի վիճակի չեն օբյեկտիվ որոշումներ կայացնել, պետք է հրաժարական տալ: