Վրաստանի դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունք․ Զալկալիանին «Россия-1»-ի մասին

Նոյեմբերի 11-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ռուսական հեռուստաալիքի տաղավարի հատակին վրացական պետական ​​դրոշի պատկերումը գնահատել է որպես սադրիչ քայլ։

Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին «Россия-1» հեռուստաալիքի հաղորդումներից մեկում, տաղավարի հատակին, որի վրա կանգնած էին հեռուստահաղորդավարներն ու հյուրերը, հայտնվել է վրացական դրոշի պատկերը։

«Ռուսաստանի պետական ​​հեռուստաալիքի կողմից Վրաստանի պետական ​​դրոշի հանդեպ անհարգալից վերաբերմունքի փաստը Վրաստանի արտաքին գործերի նախարարը  բարձրացրել է ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ հանդիպմանը։

Դավիթ Զալկալիանին մտահոգություն է հայտնել ռուսական պետական ​​հեռուստաալիքի ներկայացուցիչների սադրիչ քայլի կապակցությամբ՝ որպես Վրաստանի ինքնիշխանության, ազատության և պետականության դեմ Ռուսաստանի ապակառուցողական քաղաքականության հստակ արտահայտություն։ Նման քայլերով Ռուսաստանի Դաշնությունն արհամարհում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը և սկզբունքները», — ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ 2009 թվականից Շվեյցարիան ներկայացնում է Վրաստանի պետական շահերը Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում է Շվեյցարիայի դեսպանատան վրացական շահերի բաժինը։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր