Վրաստանի և Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների միջև համագործակցությունը խորանում է

Վրաստանի դատախազության հետաքննչական բաժանմունքի և Կենտրոնական քրեական ոստիկանությունում հետաքննության ընթացակարգային ղեկավարման բաժնի աշխատակիցները հանդիպել են Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների՝ հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության ներկայացուցիչների հետ։

Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազության պաշտոնական կայք-էջը:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը դատախազության ներկայացուցիչները հյուրերին հանգամանորեն ներկայացրել են դատախազության հիմնական քննչական ուղղությունները և առկա մարտահրավերները։

«Ուշադրություն է դարձվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Վրաստանի դատախազության ձեռքբերումներին, ինչպես նաև քննարկվել են միջազգային հաջող համագործակցության և արդյունավետ հետաքննության կոնկրետ օրինակներ։

Երկկողմ հանդիպմանն ընդգծվել է դատախազության դերը կիբերհանցագործության դեմ պայքարում։ Նշված թեմայով դատախազության ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են կիբերհանցագործությունների դեմ պայքարի նորաստեղծ վարչության կառուցվածքն ու առկա պրակտիկան»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկության համաձայն, Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները վրացի գործընկերների հետ կիսվել են կիբերհանցագործությունների կանխարգելման և հետաքննության ուղղությամբ կարևոր փորձով։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ապագայում փոխադարձ համագործակցության շուրջ։