Վրաստանի համալսարանի ռեկտոր Կոնստանտինե Թոփուրիան կոչ է արել կառավարամետ լրատվամիջոցներին պահպանել մասնագիտական էթիկան և չդառնալ քաղաքական գործիք։ Այսպես է ռեկտորն արձագանքել հեռուստատեսային ռեպորտաժներին, որոնցում համալսարանը հիշատակվում է «ահաբեկության խրախուսման» համատեքստում։
«Մեր դեմ տարածված մեղադրանքները լիակատար սուտ են և աննախադեպ անհեթեթություն։ Չկա որևէ փաստ, փաստաթուղթ կամ ապացույց, որը կհաստատի այդ մեղադրանքները։ Համալսարանում ոչ մի կենտրոն չի գործում, դասախոսություններ չեն անցկացվում, չեն կամակերպվում քարոզչությանը կամ քաղաքական ազդեցության տարածմանը ծառայող միջոցառումներ։
Սուտ է, որ համալսարանը որևէ կերպ ֆինանսավորում է հանրահավաքները:
Մեր ճշմարտությունը շատ ավելի ուժեղ է, քան ձեր քարոզչությունը», — ասել է համալսարանի ռեկտորը։
«Իմեդի» հեռուստաընկերությունը, որը իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական գործունեությունը լուսաբանում է առանց քննադատության, դրան հակառակ` մեղադրում է Վրաստանի համալսարանին «հակապետական ուսուցումներ» կազմակերպելու համար։ Նման հաղորդումներից մեկը հեռարձակվել է սեպտեմբերի 28-ին։