Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կշարունակվեն նաև այսօր

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնի միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կշարունակվեն նաև այսօր: 

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Դանիելսոնը որոշում է կայացրել ևս մեկ օր մնալ Թբիլիսիում, որպեսզի կողմերին օգնի համաձայնության հասնել: Երեկոյան անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ շվեդ դիվանագետը հույս է հայտնել, որ այսօր կկարողանա հայտարարել Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև համաձայնության հասնելու մասին:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն ընդդիմության հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ դեռ շատ հարցեր պետք է քննարկվեն, որպեսզի հնարավոր լինի համաձայնության հասնել:

Ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեի խոսքով, կողմերի միջև ընթանում է բանակցություններ ձևաչափի վերաբերյալ, թե ինչ ճանապարհով են հասնում նոր՝ արտահերթ ընտրությունների:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցից հետո Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը երկարատև դադարից հետո նորից վերադարձան բանակցությունների սեղանին: Միշելը կողմերի հետ մշակել էր 6 կետից բաղկացած փաստաթուղթ, որի շուրջ վերջիններս պետք է համաձայնության հասնեին: Բանակցությունները շարունակելու համար մարտի 12-ին Վրաստան ժամանեց Շառլ Միշելի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դանիելսոնը: