Վրաստանից մարտին արտաքսվել է 97 օտարերկրացի

Անցած ամսվա ընթացքում Վրաստանից արտաքսվել է 97 օտարերկրյա քաղաքացի։ Տեղեկությունը հայտնել է ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)՝ հղում անելով Միգրացիայի վարչությանը։

«Օտարերկրյա քաղաքացիների մի մասը Վրաստանը լքել է կամավոր, իսկ մյուս մասն արտաքսվել է Միգրացիայի վարչության աշխատակիցների նախաձեռնած միջոցառումների արդյունքում։ Արտաքսված անձանց օրենքի համաձայն արգելվել է կրկին մուտք գործել երկիր», – ասված է հայտարարության մեջ։

Վրաստանից արտաքսվել են հետևյալ երկրների քաղաքացիներ՝ Հնդկաստան, Բելառուս, Չինաստան, Տաջիկստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բանգլադեշ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրաք, Իրան, Նիգերիա, Թուրքմենստան, Թուրքիա, Եգիպտոս, Պակիստան, Կամերուն, Հորդանան, Ղրղզստան։