Վրաստանն անվտանգության խորհրդի նոր քարտուղար ունի

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակել գործող ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրիին: Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստին:

«Անվտանգության խորհուրդը շատ կարևոր օրգան է, որը արդյունավետ պետք է աշխատի: Ստեղծված իրավիճակից ելնելով ներկայացնում եմ անվտանգության խորհրդի նոր քարտուղարին՝ ՆԳ նախարար Վախտանգ Գոմելաուրիին»,- հայտարարել է վարչապետը:

Նշենք, անվտանգության խորհրդի պաշտոնը զբաղեցնում էր Լևան Իզորիան, որը պաշտոնը լքեց մի քանի շաբաթ առաջ: Իզորիան Գերմանիայում Վրաստանի դեսպան կնշանակվի: