Վրաստանում արդեն 5 ամիս է երեկոյան ժամերին արգելվում է տեղաշարժվել

Վրաստանում արդեն 5 ամիս է ինչ երեկոյան ժամը 21:00-ից մինչև 05:00-ն արգելվում է տեղաշարժը: Խիստ սահմանափակումների հետ միասին երեկոյան ժամը 21:00-ից տեղաշարժի արգելքը ուժի մեջ մտավ 2020 թվականի նոյեմբերի 28-ից: 

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումների մեջ տեղաշարժի արգելքը «ամենաթանկարժեք» սահմանափակումն է, այն խախտելու դեպքում ֆիզիակական անձը տուգանվում է 2000 լարիով, իրավաբանական անձը՝ 10 000 լարիով:

Արգելված ժամերին տեղաշարժի համար կառավարությունը տարբեր ոլորտների աշխատակիցներին փոխանցել է հատուկ թույլտվություն, որոնց առկայության դեպքում վերջիններս առանց արգելքի տեղաշարժվում են երկրի տարածքով:

Ամիսներ շարունակ գործող տեղաշարժի արգելքը երկրում ամենամեծ դժգոհությունների առիթն է հանդիսանում: Մայրաքաղաք Թբիլիսիսում կառավարության և խորհրդարանի շենքերի դիմաց բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել արգելքը վերացնելու պահանջով, սակայն վարակաբանները պնդում են, որ տեղաշարժի արգելքը այս փուլում վարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է: