Վրաստանում բացվել է անչափահասների առաջին ժամանակավոր մեկուսարանը

Վրաստանում բացվել է անչափահասների համար նախատեսված առաջին ժամանակավոր մեկուսարանը: Այն տեղակայված է ոստիկանության Ռուսթավի (Քվեմո Քարթլի) քաղաքի բաժանմունքում, տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Անչափահասների համար նախատեսված մեկուսարանը կազմված է երկու սենյակից: Առաջինը նախատեսված է հարցաքննությունների, երկրորդը՝ անչափահասներին պահելու համար: Նորաբաց մեկուսարան են այցելել Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և Վրաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հասան Խալիլը:

Մենախցերը կահավորված են՝ հաշվի առնելով անչափահասների զգացմունքային և հոգեկան վիճակը: Նշվում է, որ անչափահասների ժամանակավոր մեկուսարանների շինարարությունը կշարունակվի նաև 2019 թվականին:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, 2018-ի դեկտեմբերից թբիլիսյան ժամանակավոր մեկուսարաններում հասանելի կլինի նաև հոգեբանի ծառայությունը: