Վրաստանում դեղորայքի գների 40 տոկոսով նվազում է կանխատեսվում. կառավարություն

Վրաստանի կառավարությունը դեկտեմբերի 26-ին որոշում է ընդունել, ըստ որի՝ դեղագործական արտադրանքի գինը կարգավորվելու է պետության կողմից: Ի դեպ, որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականից:

Որոշամն համաձայն՝ 2023 թվականից դեղերի համար կսահմանվի տեղեկատու գին, ինչը նշանակում է, որ պետությունը սահմանելու է առավելագույն սահմանաչափ, թե որքան կարող է արժենալ դեղը։ Սահմանված գնից բարձր գնով դեղերի վաճառքի համար տույժեր կկիրառվեն։

Կառավարության հաշվարկներով՝ փոփոխության արդյունքում դեղերը կէժանանան մոտ 40 տոկոսով։

Վրաստանի առողջապահության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված պարզաբանման համաձայն՝ առաջին փուլում բարեփոխումը կտարածվի ավելի քան 1 100 անուն քրոնիկական և ուռուցքաբանական դեղամիջոցների, այնուհետև կտարածվի նաև մնացած բոլոր դեղատոմսով դեղերի վրա։

Ըստ որոշման՝ չի թույլատրվում դեղագործական արտադրանքը վաճառել մանրածախ տեղեկանքային գնից բարձր գնով։ Դեղագործական ապրանքների գները վերահսկելու նպատակով կառավարությունը առողջապահության նախարարության հետ կստեղծի դեղագործական ապրանքների գների կարգավորման միջգերատեսչական հանձնաժողով։