Վրաստանում դեկրետային արձակուրդի գումարը կպաշտպանվի բռնագանձումից

Վրաստանում հղիության և ծննդաբերության պատճառով տրամադրվող վճարովի արձակուրդի գումարն այլևս չի ենթարկվի կալանքի։ Խորհրդարանը «Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխությունը քննարկել է առաջին ընթերցմամբ և 80 ձայնով աջակցել դրան։

Փոփոխության համաձայն՝ կալանքի ենթակա չի լինի և բռնագանձման նպատակով չի օգտագործվի այն դրամական օգնությունը, որը Վրաստանի պետական բյուջեից տրամադրվում է հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի պատճառով վճարովի արձակուրդի ժամանակահատվածի համար՝ Վրաստանի կառավարության սահմանած չափով։

Վրաստանի կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև երեխայի խնամքի պատճառով վճարովի արձակուրդի ժամանակահատվածի համար տրամադրվող դրամական օգնության ընդհանուր չափը սահմանված է առավելագույնը 2000 լարի։

Օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում պարտք ունեցող հղի կնոջ կամ ծնողի նկատմամբ կատարողական վարույթի ընթացքում անձեռնմխելի կմնա պետության կողմից փոխանցված՝ դեկրետային արձակուրդի գումարը։

Փոփոխությունն այս փուլում քննարկվել և հավանության է արժանացել առաջին ընթերցմամբ։