Վրաստանում է Էստոնիայի պաշտպանության նախարարը

Էստոնիայի պաշտպանության նախարար Կալե Լաանետը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։

Երկօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի ազգային գվարդիայում, կիբերանվտանգության բյուրոյում և ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում։

Էստոնացի գործընկերոջը պաշտպանության նախարարությունում հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկկողմ համագործակցության աճող դինամիկան և ապագա հեռանկարները։

Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել Կալե Լաանետին` նախարարությունների միջև օրինակելի համագործակցության համար։ Հանդիպմանը կարևորվել է Էստոնիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրմանը։

Առանձնահատուկ տեղ է հատկացվել Էստոնիայի նշանակալի ներդրմանը ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթի (SNGP) շրջանակներում Կիբերանվտանգության նախաձեռնության իրականացման գործում: Բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել  նաև Սևծովյան տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

ՊՆ-ում երկկողմ հանդիպումից հետո գործընկերները հանդես են եկել համատեղ հայտարարություններով։ Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել էստոնացի գործընկերոջը այցի և գերատեսչությունների միջև օրինակելի համագործակցության համար։

Բուրչուլաձեն ասել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը երկրների միջև:

«Մենք պայմանավորվեցինք շարունակել սերտ համագործակցությունը, որը կարևոր գործոն է սևծովյան տարածաշրջանի կայունացման և Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները զսպելու և հիբրիդային մարտահրավերների դեմ պայքարում», — ասել է Բուրչուլաձեն։

Կալե Լաանետի խոսքով՝ Վրաստանն ու Էստոնիան շատ լավ ռազմական համագործակցություն ունեն։ Նա ընդգծել է ապագայում ռազմական ոլորտում սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումն ակտիվորեն շարունակելու մասին։

Էստոնիայի ՊՆ նախարար Կալե Լաանետը պաշտոնական այցի ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգել է Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում զոհված հերոսների հիշատակը և ծաղկեպսակ դրել Հերոսների հուշահամալիրում։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր