Վերջին շրջանում Վրաստանում ձերբակալվել են մի շարք ընդդիմադիր քաղգործիչներ։
Արևմտյան գործընկերները, ԱՄՆ-ն, ԵՄ-ն և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ դատապարտել են նրանց ձերբակալությունը, անազատության դատապարտումը և 2 տարի պետական պաշտոնից զրկելու իրավունքը։
Ընդդիմության առաջնորդները ձերբակալվել են խորհրդարանում «Վրացական երազանք»-ի ստեղծած ժամանակավոր քննչական հանձնաժողովին չներկայանալու կամ դրա համար նշանակված գրավը չվճարելու համար։
Մասնավորապես`
- «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեն դատապարտվել է յոթ ամսվա ազատազրկման, ձերբակալվել է հունիսի 24-ին,
- «Ուժեղ Վրաստան/Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն ութական ամսով են ազատազրկվել, ձերբակալվել են հունիսի 23-ին,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Զուրաբ Գիրչի Ջափարիձեն յոթ ամսով է ազատազրկվել, ձերբակալվել է մայիսի 22-ին,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան և Նիկա Մելիան դատապարտվել են 8 ամսվա ազատազրկման»։
Վերոնշյալ անձանց երկու տարով արգելվել է պետական պաշտոն զբաղեցնել։
Այս առիթով խոր մտահոգություն է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտը. դատապարտել է Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալությունները և «Վրացական երազանք»-ի կառավարությանը քննադատող անձանց նկատմամբ հետապնդումները։
Վրացի վերլուծաբաններր խոսքով` այս գործողության նպատակն ընդդիմության հեռացումն է պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից և պետական հաստատություններից։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ընդգծեց.
«Այս որոշումն ուղիղ քայլ է դեպի բռնապետություն։ Այսինքն՝ ձերբակալությունների նպատակն այն է, որ ընդդիմությունը չկարողանա որոշակի պաշտոններ զբաղեցնել, և ըստ այդմ` արդյունքը («Վրացական երազանք»-ի համար — հեղ.) գոհացուցիչ լինի։ Նրանք փորձում են ընդդիմությանը վտարել բոլոր պետական մարմիններից և հաստատություններից»։
Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Անիտա Հիփերը նույնպես X-ում մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
Նրա կարծիքով` ընդդիմադիր քաղաքական գործիչների քաղաքական դրդապատճառներով հետապնդումը և բանտարկությունը հակասում են ժողովրդավարական հիմնարար արժեքներին։
«Վրաստան. ընդդիմադիր քաղաքական գործիչների քաղաքական դրդապատճառներով հետապնդումն ու բանտարկությունը հակասում են ժողովրդավարական հիմնարար արժեքներին: «Վրացական երազանք»-ը պետք է դադարեցնի դատական համակարգը որպես զենք օգտագործելը», — գրել է Հիփերը:
«Ընդդիմության ներկայացուցիչներին խորհրդարանական հանձնաժողով կանչելը և նրանց ձերբակալությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում», — հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Ըստ կազմակերպության՝ լուրջ մտահոգություններ կան Վրաստանում «կառավարության քննադատներին լռեցնելու համար օրենսդրական, ոստիկանական և այլ լիազորությունների չարաշահման» վերաբերյալ։
Քաղաքական գործիչների ձերբակալությունը դատապարտել են նաև Դանիայի, Լիտվայի, Լատվիայի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունները։