ՄԱՇ-ը լքածներին թույլ չեն տվել քաղաքական խումբ ստեղծել

Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախկին անդամներ Խատիա Դեկանոիձեին և Ռոման Գոցիրիձեին թույլ չեն տվել քաղաքական խումբ ստեղծել խորհրդարանում։ Այս հարցը քննարկվել է խորհրդարանի բյուրոյի մայիսի 8-ի նիստում։

Պատճառը պարզաբանել է ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Քադագիշվիլին: Նրա խոսքով, նոր օրենսդրական փոփոխությունը, որը մեկ կուսակցությունից անջատված քաղաքական գործիչներին հնարավորություն է տալիս ստեղծելու քաղաքական խումբ, չի վերաբերում դաշինքով ընտրված խմբերին։

Ի դեպ, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ՄԱՇ-ը «Ազգային շարժում-Ուժը միասնության մեջ է» դաշինքի ձևով է մասնակցել, իսկ իշխող «Վրացական երազանքը»՝ որպես կուսակցություն։ Ըստ այդմ, իշխող կուսակցությունից անջատված խմբերին՝ «Ժողովրդի ուժը» հակաարևմտյան շարժմանը և «Վրաստանի համար» կուսակցությանը թույլատրվել է գրանցվել որպես քաղաքական խումբ։

ՄԱՇ նախկին անդամներ Խատիա Դեկանոիձեն և Ռոման Գոցիրիձեն քաղաքական խմբի ստեղծման մասին հայտարարել էին մի քանի օր առաջ՝ մայիսի 4-ին։