Վրաց-թուրքական սահմանի հայաբնակ գյուղը՝ բազում խնդիրներով․ Խավեթ

«Ալիք մեդիայի» էսսեների մրցույթի շրջանակներում հաղթող մասնակից Հասմիկ Պետրոսյանի գյուղի խնդիրների հետքերով է գնացել «Ալիք մեդիայի» թիմը։

Սամցխե Ջավախեթիի՝ Թուրքիայի հետ սահմանագծի մոտ գտնվող Խավեթ գյուղն էլ ավելի հեռվում է հայտնվում ճանապարհների բացակայության պատճառով։

Ախալքալաքի մունիցիպալիտետի շրջկենտրոնից ամենահեռու, սահմանամերձ Խավեթ գյուղում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ։ Առաջնային խնդիրը տեղացիների կարծիքով շարքից դուրս եկած ճանապարհներն ու բնական գազի բացակայությունն է, չկա նաև մանկապարտեզ, մշակութային կենտրոն, մարզադահլիճ։

Ճանապարհները նորոգված չեն, չկա նաև գյուղով անցնող հասարակական տրանսպորտ, սեփական ավտոմեքենայով քաղաք (Ախալքալաք) հասնելու համար պահանջվում է մեկ ժամ։

Գյուղը գտնվում է Ախալքալաքից 32 կմ հեռավորության վրա, Ախալքալաքի սարավանդում՝ Քուր գետի աջ ափի հյուսիսահայաց լեռնալանջին, ծովի մակարդակից 1690-1710 մ բարձրության վրա, Թուրքիայի սահմանագծի մոտ: Խավեթում ապրում է 294 քաղաքացի (2018թ․)։

«Մեր գյուղը գեղեցիկ բնությամբ հարուստ և հյուրընկալ անկյուն է։ Սակայն Ճանապարհների վատ լինելու պատճառով անգամ շտապ օգնությունն է տրտնջում գյուղ հասնել, մինչև հասնում է, հիվանդն էլ մահանում է», — ասում է Խավեթ գյուղի բնակչուհի Հասմիկ Պետրոսյանը։

Խավեթցիները պարբերաբար դիմում են Տեղական ինքնակառավարման մարմիններին այս հարցով՝ առաջին հերթին լուծելու ճանապարհների խնդիրը, սակայն սայլը տեղից չի շարժվում։

«Ճանապարհների խնդիրը վաղուց է անհանգստացնում մեզ, դրանով են պայմանավորված նաև մյուս խնդիրները։ Օրինակ այն, որ ճանապարհի վատ լինելու պատճառով գյուղի երեխաները և երիտասարդները շատ հնարավորություններից են հետ մնում։

Ոչ գյուղում, ոչ էլ մոտակա գյուղերում մանկապարտեզ չկա, միակ տարբերակը քաղաքի մանկապարտեզն է, սակայն հաշվի առնելով հեռավորությունը, ճանապարհը և թե որքան ժամանակ է անհրաժեշտ քաղաք հասնելու համար, երևի մարդ կգերադասի իր երեխան տանը մնա», — նշում է Հասմիկ Պետրոսյանը։

Խավեթի հիմնախնդիրները նաև հանգեցնում են ժողովրդագրական ճգնաժամի, շատերն են լքում գյուղը, երբեմն ընդմիշտ մեկնում արտերկիր։

«Մեր գլխավոր նպատակը ճանապարհ ունենալն էր, գյուղացիների այս երազանքը չի իրականացվում, օրեցօր կորցնում են հույսը և լքում հայրենի գյուղը։ Քանի որ գյուղում անգամ մթերային խանութ չկա, ամեն շաբաթ գնում են քաղաք։

Հեշտ չէ Խավեթ գյուղից հասնել Ախալքալաք, այն էլ վատ վիճակում գտնվող ճանապարհով և բենզինի բարձր գնի ֆոնին անընդհատ վճարել», — նկատում է Խավեթի հանրային դպրոցի ավարտական դասարանի աշակերտուհի Ռոզա Քերոբյանը։

Բնակիչների փոխանցմամբ՝ ուսանողները երբեմն գերադասում են չվերադառնալ հայրենի գյուղ, քանի որ գյուղում չկան աշխատատեղեր, քաղաք հասնելը բարդ է, իսկ միակ աշխատավայրը՝ դպրոցն է։ Այնուամենայնիվ գյուղի դպրոցում որոշ առարկաների ուսուցիչների պահանջարկ կա։

«Ճանապարհով պայմանավորված կա նաև այլ խնդիր, Խավեթի հանրային դպրոցը ունի ուսուցիչների պակաս, երբ ուսուցիչը ցանկանում է աշխատել Խավեթի հանրային դպրոցում, իմանալով հեռավորության ու ճանապարհի վիճակի մասին, անմիջապես հրաժարվում է», — ասում է Քերոբյանը։

Երիտասարդներին անհանգստացնում է գյուղի ապագան․ «Այնքան էլ մտահոգ չէ պետությունը մեր հարցերով», — ասում են Խավեթի երիտասարդները։

«Երբ նպատակ ունես աշխատել, գնել թանկարժեք մեքենա, հասկանում ես, որ այս վատ ճանապարհներին այն ափսոս է։ Ինչ հիշում եմ, ճանապարհներն այս օրին են, իսկ պետությունը նոր օրենքներ է մշակում, թե մեքենան տեխզննել է հարկավոր՝ հաշվի չառնելով, որ 1 ժամ այս վատ ու չնորոգված ճանապարհով ինչ մեքենայով էլ երթևեկես, շարքից դուրս է գալու», — նշում է գյուղի երիտասարդներից մեկը։

Խավեթ գյուղի խնդիրների և հնարավոր լուծումների մասին գյուղապետ Հրաչ Մովսիսյանը «Ալիք մեդիային» ասում է, որ ճանապարհի վերանորոգման համար արդեն աշխատանքներ են տարվում։

«Մյասնիկյան գյուղից (Ախալքալաքից մինչև Մյասնիկյան ճանապարհը վերանորոգված է, խմբ․) մինչև Խավեթ գյուղ կենտրոնական ճանապարհը նորոգելու համար ֆինանսներ արդեն գտնվել են, աշխատանքների համար կհատկացվի 671 հազար լարի (227 հազար դոլար), որից 15 տոկոսը կհատկացվի տեղական բյուջեից, իսկ մնացածը կֆինանսավորվի համաշխարհային բանկի կողմից, այժմ սպասում ենք բանկի կողմից տրամադրվելիք գումարին։ Նախագծի համաձայն կկառուցվի 4 գյուղի միջով անցնող 9 կիլոմետր երկարությամբ բետոնե ճանապարհ»։

Գյուղապետն ընդգծում է, որ ճանապարհի հիմնախնդրից զատ բնակիչներին անհանգստացնում է նաև գազաֆիկացման հարցը։

«Գազաֆիկացման խնդրի լուծումն ավելի բարդ է, քանի որ գյուղը շատ հեռու է, գազատարը գյուղ հասցնելը մեծ ծախսերի հետ է կապված։ Գազ չունեն Վաչյան գյուղից հետո եկող գյուղերը՝ Սուլդայից սկսած, ուստի մինչև Խավեթ գազատարի հեռավորությունը կազմում է 25 կիլոմետր։ Հայցում ենք կառավարության աջակցությունն այս հարցում», — ասում է գյուղապետը։

Մովսիսյանն ընդգծում է, որ ճանապարհի նորոգումից հետո մյուս խնդիրները հնարավոր կլինի լուծել տեղական բյուջեի միջոցով։

«Գյուղում առկա խնդիրներից է նաև մանկապարտեզի հարցը, ոռոգման ջուրը, դպրոցը կահավորված և վերանորոգված է, սակայն ջեռուցման խնդիր կա, որը կապված է գազաֆիկացման հետ», — ասում է գյուղապետը՝ հույս հայտնելով, որ կհաջողվի լուծում տալ գյուղի խնդիրներին։