Թբիլիսին պատրաստվում է ամանորին․Նոր տոնածառ՝ նոր վայրում

Վրաստանի մայրաքաղաքն արդեն լուսավորված է։ Այս տարի տոնական լույսերով ձևավորվել են ոչ միայն կենտրոնական, այլև ծայրամասային թաղամասերի փողոցները: Նախորդ տարիների լույսերն ու ամանորյա զարդերը կփոխարինվեն նորերով:

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառն այս տարի կտեղակայվի Վարդերի հեղափոխության հրապարակում: Սա պայմանավորված է այն փաստով, որ տոնածառի ավանդական տարածքում՝ խորհրդարանի շենքի մոտ տեղադրված են որդեկորույս հայրերի՝ Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի աջակիցների վրանները: Քաղաքապետարանն ի դեպ, աջակցելով վերջիններին, վրաններում անվճար էլեկտրաէներգիա է անցկացրել: Դեկտեմբերի 17-ից ակցիայի մասնակիցներին ավելացել են նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմա» անդամներն ու աջակիցները:

Գլխավոր տոնածառի լուսավորման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, այն կուղեկցվի մասշտաբային միջոցառմամբ: Քաղաքապետ Կախա Կալաձեն հորդորել է բնակչությանը ներկա գտնվել ամանորյա միջոցառմանը, երազանք պահել և միասին լուսավորել տոնածառը:

Հատկանշական է նաև, որ Թբիլիսիի քաղաքապետարանը քաղաքում տոնավաճառներ անցկացնել թույլատրել է բոլոր թաղամասերում՝ դեկտեմբերի 18-ից հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում:

Ամանորյա փողոցային առևտրի համար 16 տարածք է առանձնացվել, ամանորյա լուսավորման վրա ծախսվել է ավելի քան 2 մլն լարի: