FAO-ի (ՄԱԿ-ի սննդի և գյուղատնտեսության կազմակերպություն) Կենդանիների գրանցման և նույնականացման ազգային համակարգի (NAITS) ծրագրի շրջանակներում, մսամթերք արտադրող ֆերմերները, ներմուծողները, սուպերմարկետների ցանցերի, մասնավոր ու հանրային հատվածների և սպանդանոցների ներկայացուցիչները հուլիսի 10-ին համաձայնության են եկել Վրաստանի մսարտադրողների ասոցիացիայի հիմնադրման շուրջ, հայտնել է FAO-ն։
Կազմակերպության հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցներին ծրագրի իրավաբանական խորհրդատուն և միջնորդը ներկայացրել են ասոցիացիայի ու անդամավճարների հնարավոր մոդելները, այլ երկրների և տեղական այլ ասոցիացիաների օրինակները։
«Հանդիպման ավարտին մասնակիցները համաձայնության են եկել մսի սեկտորի կայուն զարգացման լավագույն մոդելի շուրջ։
Վրաստանի մսարտադրողների ասոցիացիան նպատակ ունի, հաշվի առնելով այս ոլորտի ներկայացուցիչների լավագույն շահերն ու միջազգային չափանիշները, պարզեցված հաղորդակցություն հաստատել ֆերմերների, սպառողների, պետական կառույցների, միջազգային և տեղական գործընկերների հետ։ Դա վերջնարդյունքում կնպաստի երկրում սննդամթերքի անվտանգությանը, արտադրանքի հետագծելիությանն ու մսի սեկտորի կայուն զարգացմանը։ Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է պետական և միջազգային կազմակերպությունների հետ, ինչը նպաստում է ոլորտային քաղաքականության ու օրենսդրության կատարելագործմանը։ Ասոցիացիայի առաջնահերթությունն է ճյուղի ներկայացուցիչների հասանելիության մեծացումը ֆինանսական գործիքներին, ներդրումային ծրագրերին և աջակցության տարբեր նախագծերին»,- նշված է FAO-ի մամուլի հաղորդագրության մեջ։
FAO-ի ծրագրի ղեկավար Միխեիլ Սոխաձեի հայտարարությամբ՝ սեկտորը մասնատված է, ինչի պատճառով իրենց նպատակը կողմերի համախմբումն է միասնական շահերի շուրջ։
Նշենք՝ NAITS ծրագիրն իրականացնում է FAO-ն՝ սննդի ազգային գործակալության հետ համագործակցությամբ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) ու Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Ավստրիայի միջազգային գործընկերության շրջանակներում։