Վրաստանում քարկոծել են հայկական բեռնատարներն ու դիմել փախուստի

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախուստի դիմել դեպքի վայրից։

Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ նշում է, որ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը: