Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված «լոքդաուն» չի լինելու

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված «լոքդաուն» չի լինելու:

«Այս մասին բազմիցս ասել ենք, ևս մեկ անգամ կրկնում ենք՝ լոքդաուն չի լինելու»,-հայտարարել է Կոբախիձեն:

Նշենք՝ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան հոկտեմբերի 28-ին հայտարարել է, որ կառավարությունը   պատրաստվում է «փակել» երկիրը նոյեմբերի 2-ից: Սրան ի պատասխան Կոբախիձեն հայտարարել էր, որ հոկտեմբերի 31-ին կառավարությունը «լոքդաուն» կհայտարարի «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունների համար:

Հիշեցնենք՝ այսօրվանից ուժի մեջ է մտել կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ևս 3 սահմանափակում։ Մինչ այդ ողջ երկրով խոսակցություններ էին տարածվում, որ նոյեմբերի 2-ից փակվելու են բոլոր քաղաքները, արգելվելու են մասշտաբային հավաքները:

Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններից հետո, Թբիլիսիում մշտական բողոքի ակցիաներ են  սկսվել: Ցուցարարները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու  ԿԸՀ-ի նախագահի վերընտրություն: