Վրաստանում խոզի տարվա շեմին «խոզի գրիպ» է տարածվել

Վերջին շաբաթների ընթացքում Վրաստանում տարածված H1N1 վիրուսից մահացել է երկու կին՝ 53 և 30 տարեկան:

Մասնագետների տվյալներով, Վրաստանն այս պահին գտնվում է H1N1 վիրուսի՝ հայտնի որպես խոզի գրիպի համաճարակի շեմին: Նախորդ տարվա համեմատ կլինիկաներ 2 անգամ ավելի շատ են դիմում: Այժմ գրանցված է 221 հիվանդ, Վրաստանում համաճարակային իրավիճակ է համարվում, եթե 100 հազար բնակչի հաշվով արձանագրվի 450-500 դեպք:

Վրաստանի փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն նշել է, որ «սեզոնային գրիպի վիրուսը դեռևս չի հասել համաճարակի սահմանին, հույս ունենք չի էլ հասնի: Բոլորին կոչ եմ անում գրիպի առաջին նախանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի»:

Բնակչությանը ժամանակին բժշկին դիմելու կոչ է արել նաև Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Դավիթ Գամկղրելիձեն: Վերջինս նշել է, որ եթե մինչ այս պահը տարածված էին հիմնականում սովորական գրիպի դեպքեր, ապա այժմ մեծ ագրեսիվությամբ իշխում է H1N1 ենթատեսակը: Գամկղրելիձեն բնակչությանը զգուշացնում է, որ գրիպի վիրուսի ցանկացած ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի:

Առողջապահության հարցերով փորձագետ Վատո Սուրգուլաձեն գտնում է, որ այն երեխաները, ովքեր ունեն հազ, կոկորդի ցավ և քթից արտադրություն, չպիտի հաճախեն դպրոց և մանկապարտեզ: Վարակելով մյուսներին, հիվանդությունը համաճարակի կարող է հասնել։

«Գրիպը եղել է, կա և կլինի»,- ասում է փորձագետը և կոչ անում ավելի շատ աշխատել մանկապարտեզների և դպրոցների հետ:

Նրա խոսքով համաճարակից հնարավոր է խուսափել այն դեպքում, եթե պահպանվեն կանոնները՝ հարկավոր է հաճախ լվանալ ձեռքերը, տանից լրացուցիչ անգամ դուրս չգալ, հետևել բժիշկների խորհուրդներին: