Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք սննդի փող չունի. NDI

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) այսօր հրապարակած հարցման համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները հիմնականում իրենց անապահով են զգում տնտեսական պատճառներով։

Հարցման համաձայն, հարցվածների 39 տոկոսն իրեն անապահով է զգում աղքատության, 35 տոկոսը՝ գնաճի, 34 տոկոսը՝ գործազրկության պատճառով, որոնց հաջորդում են հանցագործության, պատերազմի ու առողջական խնդիրների պատճառով անապահով զգալու ցուցանիշները:

Ըստ հարցման՝ Վրաստանում յուրաքանչյուր հինգերորդ ընտանիք սննդի համար գումար չունի: Վրաստանի մյուս բնակչության համեմատ ամենից շատ դժվարություններ ունեն փոքր քաղաքների և գյուղական բնակավայրերի բնակիչները և 55-ից բարձր տարիքի քաղաքացիները։

Ի դեպ, նշված հարցումը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում՝ (բացառությամբ օկուպացված տարածքների) դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը:

Հարցումն ընդհանուր առմամբ ներառում է 2 519 հարցազրույց։ Հարցման մեջ սխալի միջին սահմանը +/- 1,6 տոկոս է։ NDI-ի հետազոտությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ: