Խնդրում եմ, մի տրվեք սադրանքներին, հատկապես ազգայնականության վրա ինքնահաստատվողների և սադրիչների հետ. Արտյուշ Գրիգորյան

 «Ջավախք» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր սոցիալական ցանցում, մասնավորապես ադրբեջանական և վրացական հատվածում, Ջավախքի «սեպարատիզմի» մասին գրառումներ են հայտնվում, որոնց ներքո ադրբեջանցիները անթաքույց հրճվում են, իսկ հայերն ու վրացիները, ինչպես նաև վրացական ազգանուններով անհայտ ծագման օգտատերերը միմյանց հետ վիճում են ու հայհոյում։ Որոշ պարզաբանումներ եմ ուզում ներկայացնել։ Վրաստանում ադրբեջանական և թուրքական լոբբին բավականին ազդեցիկ է։ Դրա կայուն հիմքերը դրել է Սաակաշվիլին։ Ադրբեջանաթուրքական լոբբիստները վրացիների ցավոտ հարցերը՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան փորձում են նույնացնել Արցախի հարցի հետ, որոնք իրականում որևէ աղերս չունեն միմյանց հետ և վրացական շատ շրջանակներ հրաշալի հասկանում են։ Բազմաթիվ մոլորյալ վրացիներ, որոնք հազարներով են, գուցե տասնյակ հազարներով, էդ մանիպուլյացիային տրվել են՝ առանց խորամուխ լինելու երևույթների մեջ։ Դրան երբեմն գումարվում է Ջավախքի հնարովի, հորինված սեպարատիզմը (թե ինչու են հորինել, դա մեկ այլ թեմա է), որը պարբերաբար շրջանառվում է տարբեր կենտրոններից, ու ստացվում է բավականին տհաճ պատկեր։ Խնդրում եմ, մի տրվեք սադրանքներին, հատկապես ազգայնականության վրա ինքնահաստատվողների և սադրիչների հետ, դրա ժամանակը չէ, գերհուզականությունը չպետք է գերիշխի, բովանդակային և արդյունավետ բանավեճերի մեջ է պետք մտնել համացանցում, որտեղ կարելի է այլազգի սովորական մարդկանց տալ տեղեկատվություն և ներկայացնել իրականությունը։ Գալու է ժամանակը, Հայաստանն ու Վրաստանը լինելու են ռազմավարական գործընկերներ ու միասին պայքարելու են բաշիբոզուկների դեմ»։