Խորհրդարանը նախագահի պաշտոնանկության հարցով կքվեարկի այս շաբաթ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցի քվեարկությունը խորհրդարանում տեղի կունենա այս շաբաթ։ Կոբախիձեն ասել է՝ այսուհետ նա (նկատի ունի Զուրաբիշվիլիին-խմբ.) միայն ֆորմալ առումով է համարվում Վրաստանի նախագահ։

«Ընթացիկ շաբաթվա ընթացքում 2020 թվականին վրաց ժողովրդի կողմից ընտրված պատգամավորների մեծամասնությունը կհաստատի, որ նա այլևս արժանի չէ զբաղեցնելու Վրաստանի նախագահի բարձր կարգավիճակը»,- ասել է Կոբախիձեն:

Կոբախեձեի համոզմամբ՝ նախագահության վերջին՝ վեցերորդ տարում, Զուրաբիշվիլին «իսպառ զուրկ կլինի քաղաքական ու բարոյական լեգիտիմությունից և կմնա, ամերիկյան տերմինաբանությամբ ասած, այսպես կոչված կաղ բադ, որին հավաքական «Միացյալ ազգային շարժումը» տանում է դեպի անդունդ»:

Կոբախիձեն ևս մեկ անգամ կրկնել է, որ իշխող կուսակցությունը չունի նախագահին պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ 100 ձայնը և խոսել է այս հարցում ընդդիմության աջակցելու կարևորության մասին:

Ի դեպ, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Վրաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նախագահի դեմ ներկայացված հայցադիմումի որոշումը։ Սահմանադրական դատարանը համարել է, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երկրներ։ Եզրակացությունը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման։

Խորհրդարանում նախագահին վերջնական պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցությունը։ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցներն այս փուլում խորհրդարանում 100 մանդատ չունեն։