Խորհրդարանի մանդատների թիվը կրճատել՝ հասցնելով 100-ի. «Քաղաքացիական շարժման» առաջարկությունը

«Քաղաքացիական շարժում» կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների շրջանակում առաջարկում է Վրաստանի խորհրդարանի մանդատների թիվը 150-ից կրճատել՝ հասցնելով 100-ի: Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին:

Նրա խոսքով տարեցտարի ժողովրդի վստահությունը խորհրդարանի հանդեպ նվազում է, հարցին լուծում տալու համար անհրաժեշտ է փոփոխություններ անել: Նրա հավաստմամբ երկրի օրենսդիր մարմնում պետք է լինեն ակտիվ խորհրդարանականներ, ովքեր կունենան իրենց հստակ կարծիքը երկրում ծավալվող իրադարձությունների շուրջ:

Իոսելիանիի պնդմամբ փոփոխությունների դեպքում երկիրը կազատվի այսպես կոչված «լուռ» պատգամավորներից, ովքեր միայն կոճակներ սեղմելու համար են անհրաժեշտ: Նրա խոսքով, եթե եվրոպական երկրներում մեկ մանդատի համար 35-50 հազար ընտրող է հասնում, Վրաստանում այն բավականին ցածր է, կազմում է 23 հազար:

«Քաղաքացիական շարժում» կուսակցությունում կարծում են, որ խորհրդարանականների թվի կրճատումից կկրճատվեն նաև ֆինանսական ծախսերը, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 51 մլն լարի: