Խոսքի ազատության օրենսդրական փոփոխությունները Վրաստանում. փորձագիտական դիտարկումներ

Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, վրացի վերլուծաբաններ և արևմտյան գործընկերներ դատապարտում են արագացված կարգով՝ 2 օրվա ընթացքում, խորհրդարանի ընդունած  «Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը։

Մասնավորապես, ըստ փոփոխությունների` չեղյալ է հայտարարվում օրենքի այն դրույթը, որի համաձայն՝ խոսքի ազատության սահմանափակման դեպքերում ապացուցման բեռը կրում է բողոքաբերը, և ցանկացած կասկածի դեպքում, որը չի կարող ապացուցվել օրենքով սահմանված կարգով, որոշումը պետք է կայացվի այնպես, որ պաշտպանվի արտահայտվելու ազատությունը։

Փոփոխությունների հետևանքով դատարանում զրպարտության վերաբերյալ վեճերը քննարկելիս ապացուցման բեռը կտեղափոխվի պատասխանողի վրա։ Հայցվորը, որը կրել է հնարավոր բարոյական կամ հեղինակության վնաս, կազատվի պատասխանողի տարածած փաստերի կեղծ լինելը ապացուցելու բեռից և, միաժամանակ, կկրի ապացուցելու բեռն առ այն, որ իր հայտարարությունը չի պարունակում հայցվորի մասին էականորեն կեղծ փաստ։

Զրպարտության սահմանումը պարզաբանվել է որպես էականորեն կեղծ փաստ պարունակող և անձի հեղինակությանը վնասող հայտարարություն։ «Վրացական երազանք»-ը նաև 100-օրյա հետադարձ ուժ է տվել խոսքի և արտահայտման ազատության մասին օրենքում կատարված փոփոխություններին (օրենքը վերաբերում է նաև ընդունումից 100 օր առաջ արված հայտարարություններին)։

«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) նշել է, որ խոսքի և արտահայտման ազատության մասին օրենքում կատարված փոփոխությունները «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ քաղաքականության ևս մեկ օրինակ են, որն ուղղված է խոսքի ազատության, քաղաքական դիսկուրսի, բազմակարծության, լրատվամիջոցների և քաղաքացիական տարածքի սահմանափակմանը։

GYLA-ն նաև պնդել է, որ նախկին պրակտիկայի հիման վրա, որը ներառում էր «Հեռարձակման մասին» օրենքում մարդու իրավունքներին անհամատեղելի փոփոխություններ և սոցիալական ցանցերում արված մեկնաբանությունների համար վարչական պատժամիջոցներ, այս փոփոխությունները կկիրառվեն բռնաճնշումներով քաղաքացիների և քննադատական ​​լրատվամիջոցների նկատմամբ։

«Մտահոգիչ է նաև այն փաստը, որ օրենքը տարածվում է փոփոխությունների ընդունումից 100 օր առաջ եղած իրադարձությունների վրա, ինչը իրավական որոշակիության սկզբունքի խախտում է», — ասված է հայտարարության մեջ:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց, որ խոսքի ազատության սահմանափակումները տարածվում են մարդու հիմնական իրավունքների լայն շրջանակների վրա։

«Սահմանափակումները լրջորեն վերաբերելու է ինչպես տարբեր հայտարարությունների և գնահատականների, այնպես էլ  սոցցանցերում և այլ հարթակներում կատարված հայտարարություններին»,- ասաց Թումասյանը։

Փորձագետի գնահատմամբ` սա լուրջ խնդիր է հարուցում երկրի ժողովրդավարական համակարգի առումով և բնորոշ է ավելի տոտալիտար համակարգի։ Նա ընդգծեց.

«Սա քաղաքացիների համար ստեղծում է լրջագույն խնդիրներ սահմանադրական իրավունքներից օգտվելու առումով»։

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն ֆեյսբուքյան էջում վերոնշյալ փոփոխությունների մասին գրել է.

«Խոսքի և արտահայտման ազատությունը ճնշվում է Վրաստանում։

Այս իրավունքը «թաղելը» նշանակում է թաղել մեր երկրի ազատությունը, միտքը, ինքնակառավարումը, ճշմարտությունը, համերաշխությունն ու փոխըմբռնումը, զարգացումն ու ապագան»։

Միքելաձեի խոսքով` խոսքի և արտահայտման ազատության ճնշումը կազդի բոլորի վրա, և շատ շուտով դրանից հետո բոլորը պարզապես կանհետանան որպես քաղաքացիներ, «որովհետև քաղաքականությունը սկսվում է լեզվից»։

Վրացի իրավաբան Գիորգի Խատիաշվիլին նույնպես ֆեյսբուքում գրել է.

«Արտահայտվելու ազատությունը տարածվում է ոչ միայն անվնաս տեղեկատվության և գաղափարների վրա, այլև նրանց վրա, ովքեր ցնցող կամ անհանգստացնող են պետության կամ բնակչության որևէ խմբի համար։

Խոսքի ազատությունը գոյություն չունի առանց գնահատականների, ուստի այս բաղադրիչը խլելը հավասարազոր է խոսքի ազատությունը խլելուն»։

«Օրենքի նախագծի հեղինակներն ու նախաձեռնողները «Վրացական երազանք»-ի անդամներ են` Դավիթ Մատիկաշվիլին, Ռատի Իոնատամիշվիլին, Արչիլ Գորդուլաձեն և Իրակլի Շատակիշվիլին։

Ըստ «Վրացական երազանք»-ի` խոսքի և արտահայտման ազատության մասին օրենքում փոփոխությունները պարզապես հերթական, սովորական նախաձեռնություն չեն, այլ լուրջ քայլ՝ ուղղված երկրում քաղաքական կայունության ամրապնդմանը և հասարակության հանդարտեցմանը։

««Խոսքի և արտահայտման ազատության մասին» օրենքում կատարված փոփոխությունները ծառայում են Վրաստանի առջև այսօր ծառացած այս պատմական խնդիրների լուծմանը, և մեր հասարակությունն աջակցում և ողջունում է դրանք։ Մենք կարծում ենք, որ սրանով «Վրացական երազանք»-ը ևս մեկ կարևոր քայլ է կատարել երկրի ինքնիշխանության և անկախության ամրապնդման ուղղությամբ», — ասված է հայտարարության մեջ։