Խստացվել է փշատերև բույսերի ձեռքբերման վերահսկողությունը

Նոր տարվա տոների մոտենալուն զուգընթաց, Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումները խստացրել են փշատերև բույսերի ձեռքբերման և տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը։

«Փշատերև ծառերի անօրինական հատման, տեղափոխման և վաճառքի կանոնների խախտման համար տուգանքն առաջին անգամ սահմանվում է 2000 լարի, իսկ կրկնության դեպքում պատիժը քրեական պատասխանատվությունն է։

Միաժամանակ կհաշվարկվի շրջակա միջավայրին պատճառված վնասը։ Եթե վնասի չափը գերազանցում է 1000 լարին, անձի դեմ կհարուցվի քրեական գործ՝ տուգանք և/կամ ազատազրկում 1-ից 3 տարի ժամկետով, իսկ մեծ քանակությամբ փշատերև ծառերի անօրինական հատման դեպքում, եթե շրջակա միջավայրին պատճառված վնասը գերազանցում է 3000 լարին, պատիժը կլինի 5-ից 7 տարի ժամկետով ազատազրկում։

Յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ», — ասել է Ազգային անտառտնտեսության գործակալության ղեկավար Կախա Ցերցվաձեն։

Գործակալության հաղորդմամբ՝ փշատերև ծառերն ու բույսերը կարող են օրինականորեն ձեռք բերվել տնկարաններում, տնամերձ հողամասերում, նաև` ներմուծվել։

Օրինական ճանապարհով ձեռք բերված ծառերի և բույսերի վաճառքի դեպքում վաճառողը պետք է ներկայացնի ծառի և բույսի օրինական սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ։

Եթե փշատերև բույսը ձեռք է բերվում մասնավոր հողամասից կամ տնկարանից, բույսերի տեղափոխման համար անհրաժեշտ է ծագման վկայական, որը տալիս է տեղական ինքնակառավարման մարմին քաղաքապետարանը։