Էթնիկ փոքրամասնությունները բողոքում են կրթական համակարգի բացթողումներից

Վրաստանում ազգությամբ հայ ուսանողներն անդրադարձել են երկրում գործող կրթական համակարգի բացթողումներին՝ շեշտելով խտրականության ու իրենց իրավունքների հարցերը:

Ուսանողները իրենց հուզող հարցերով դիմել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի «1+4» կոչվող վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի համակարգող Կախա Գաբունիային, որը միացել է նրանց ու բաց ստորագրահավաքով դիմել Վրաստանի վարչապետին:

Ուսանողները բարձրաձայնում են  այն ֆակուլտետների մասին, որտեղ էթնիկ փոքրամասնությունները սովորելիս բակալավրի չորս տարիների ընթացքում չեն ֆինանսավորվում պետության  կողմից: Այսպես օրինակ՝ «Մուլտիլինգուալ բազմալեզու կրթություն (բակալավր-մագիստրոս աստիճան)» ծրագիրը ստեղծման պահից ի վեր ամբողջությամբ ներառում է պետական ֆինանսավորում, բացառություն են այլ ծրագրերով ընդունված ուսանողները (այս պարագայում Նախապատրաստական կուրսի ուսանողները, որոնք կուրսն ավարտելուց հետո այս ծրագրով պետությունից ֆինանսավորում չեն ստանում):

Հարցը բարձրաձայնել են նույն ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող Դիանա Գալոյանն ու կուրսեցիները, որը գտնում է, որ սա ուղիղ խտրականություն է էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ինքը սովորել է վերոնշյալ ծրագրով չորս տարվա ընթացքում, ու վճարել ուսման համար, չնայած որ այլ ուսանողների համար ծրագիրը պետական ֆինանսավորմամբ է:

«Այստեղ ընդունվելիս ես գիտեի, որ ծրագիրը լիովին անվճար է, իսկ հետո պարզվեց, որ դա մեզ չի վերաբերում: Ու սա միակ ծրագիրը չէ նման խտրական մոտեցմամբ: Շատ ուսանողներ այս ֆակուլտետներ դիմում են ֆինանսավորման համար, իսկ հետո պարզվում է՝ ֆինանսավորում են միայն էթնիկ մեծամասնությանը»,- ասում է Դիանան:

Կախա Գաբունիայի՝ վարչապետին ներկայացրած ստորագրահավաքի տեքստում մասնավորապես նշված է․ ուսանողները պահանջում են, որ նման ֆակուլտետներում պետական ֆինանսավորումն անդրադառնա բոլոր ուսանողներին, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնությունների այն ներկայացուցիչներին, որոնք ավարտել են  վրաց լեզվի նախապատրաստական կուրսը:

Հավելենք, որ ծրագիրը վերջին տարվա ընթացքում ձևափոխվել է․ այսուհետ 4 տարվա բակալավրի փոխարեն տևում է 5 տարի, այն ավարտելուց հետո ուսանողները մեխանիկորեն ստանում են մագիստրոսի աստիճան:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։