Վրաստանում մարդու իրավունքների վատթարացող վիճակն ուսումնասիրելու նպատակով ԵԱՀԿ 24 երկրներ գործարկել են «Մոսկովյան մեխանիզմը»:
Այդ երկրներն են՝ Մեծ Բրիտանիան, Ալբանիան, Ավստրիան, Բելգիան, Բոսնիա և Հերցեգովինան, Կանադան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիխտենշտեյնը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդերլանդները, Նորվեգիան, Սլովենիան, Ուկրաինան և Շվեդիան:
Երկրների համատեղ հայտարարության մեջ նշված է, որ իրենք ուշադիր և աճող մտահոգությամբ են հետևում Վրաստանում մարդու իրավունքների վիճակին:
2024 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ 38 երկրներ Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված ակտիվացրել էին Վիեննայի մեխանիզմը՝ նոյեմբերի 28-ից հետո երկրում զարգացող իրադարձությունների հետքերով:
ԵԱՀԿ մարդկային չափման մեխանիզմը գործիք է մշտադիտարկելու այն պարտավորությունների կատարումը, որոնք մասնակից պետությունները ստանձնել են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում, որը բաղկացած է երկու գործիքից. Վիեննայի մեխանիզմ (ստեղծվել է 1989 թ. Վիեննայի ամփոփիչ փաստաթղթով) և Մոսկովյան մեխանիզմ (ստեղծվել է 1991 թ. Մոսկվայում կայացած Մարդկային չափման համաժողովի վերջին հանդիպման ժամանակ): Վերջինս լրացնում և ուժեղացնում է Վիեննայի մեխանիզմը:
Վիեննայի մեխանիզմը թույլ է տալիս մասնակից պետություններին սահմանված ընթացակարգերով հարցեր բարձրացնել ԵԱՀԿ այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ: Մոսկովյան մեխանիզմը հնարավորություն է տալիս լրացուցիչ անկախ փորձագետների առաքելություններ ուղարկել մասնակից պետություն: