Վրաստանում գործող մի շարք ազդեցիկ հասարակական կազմակերպություններ (ՀԿ) նշում են, որ Եվրամիությանը միանալը կպահանջի երկրում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և դատական անկախության փոփոխություն:
Ըստ նրանց՝ հենց այս ոլորտներում վերջին տարիներին հետընթաց է զգացվում։
«Ինչ էլ անի կառավարությունը, նա պետք է վերադառնա Շառլ Միշելի համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, որում նախանշված բարեփոխումները երկիրը պետք է կատարի այս ճանապարհին, դա միանգամայն պարզ է», — ճեպազրույցի ժամանակ ասել է «Բաց հասարակության հիմնադրամներ — Վրաստանի» ղեկավար Քեթի Խուցիշվիլին:
Ըստ Խուցիշվիլիի՝ Վրաստանի նախագահը պետք է դառնա այս գործընթացի դեմքը, քանի որ նա Եվրոպայի համար ամենաընդունելի գործիչն է։
Խուցիշվիլին կենտրոնացել է ևս մի քանի մանրամասների վրա, մասնավորապես այն, որ այս պահին հարկավոր է Ուկրաինայի հետ կարգավորել հարաբերությունները և ԵՄ անդամակցության հարցում աշխատել Ուկրաինայի և Մոլդովայի հետ։
Հիշեցնենք՝ երեկ՝ մարտի 2-ին, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը արագացված կարգով դիմելու է ԵՄ-ին անդամակցության կարգավիճակ ստանալու համար։ Նրա խոսքով՝ արագացված կարգով դիմելու որոշումը պայմանավորված է աշխարհում փոփոխվող իրավիճակով։
Նշենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է միությանը միանալու իր դիմումը։ Իսկ արդեն մարտի 1-ին Եվրախորհրդարանի 637 պատգամավոր կողմ է քվեարկել Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու օգտին։